Միտքս Արցախին

Աղավնոյի վարդավառյան շուրջպարը, օգոստոս 2022 լուսանկարը՝ հեղինակի

Թամարը խառնում է խարույկի վրա հսկա կաթսայի մեջ եփվող հարիսան։ Խարույկի շուրջ նստարաններին բոլորված-նստած են Աղավնո գյուղի բնակիչները, հյուրերը, երեխեքը երգում են։ «Կարմիր կակաչները, ներկել են դաշտերը», «Սարերի քամին». Թամարի խառնելու թափն արագանում է։ 

Ջահելները միացնում են ժամանակակից երգեր, Թամարը դժգոհում է, հարիսայի թափը՝ դանդաղում․ «Մեր ազգայինը միացրեք»։ Միացնում են, երեխեքը սկսում են պարել։ Ճշգրտությամբ գիտեն հայկական բոլոր խմբապարերի քայլերը, գիտեն ճիշտ պահը, երբ միասին հո՛ոո՛ո պիտի կանչեն։  Էս համատեղ հոո՛ոո-ն էնքան ոգևորիչ էր, որ մոռանում էիր, որ էս պար ու ծիծաղից մի քանի ծառ էն կողմ ադրբեջանական բանակն է։ Վտանգը ժամանակավորապես զսպող, բտռ-ի վրա ռուս խաղաղապահներն էին գնում-գալիս անտառի մեջ։ 

44օրյա պատերազմից հետո Աղավնոն հայկական էն բնակավայրերից էր, որ ադրբեջանական ուժերի անմիջական հարևանությամբ էր գտնվում։ Երբ Աղավնոյի երեխեքի կիթառն ու հոհոն դադարում էին, հիշում էիր ուր ես, ովքեր են կողքիդ, սարսռում էիր։ Երևի նույնն էր զգում նաև մեր խմբի կազմակերպիչը, երբ խմբից ոմանք ծլկում էին գիշերային արկածների, աջ ու ձախ փնտրում էր ու չէր խաղաղվում, մինչև չէր գտնում։ 

Ադրբեջանցիներին ամենամոտը համայնքապետ Անդրանիկ Չավուշյանի գյուղի ծայրին գտնվող տունն էր։

Անդրանիկը՝ մի իսկական Ռեմբո, կեցվածքից, խոսքից, շարժուձևից ուժ ու ինքնավստահություն էր հորդում։ Իր մոփեդով հայտնվում էր գյուղի ամեն կետում ամեն վայրկյան, որտեղ իր կարիքը կար։ Անձամբ տեղափոխում էր հիվանդին բուժման, կազմակերպում գյուղի ընկերային կյանքը, համատեղ ժամանցը։ Նույնիսկ Հոմերոսի բաժին քյաբաբ հասցնելը դարձավ Անդրանիկի գործը։ 

Հոմերոսը Ալիսոնի աղավնոյեցի շունն էր, մշտական սոված տեսքով տան շուրջը ֆռֆռում էր։ Երբ Ստեփանակերտից վերադառնում էինք Աղավնո, հետներս մնացորդ քյաբաբները վերցրել էինք հատուկ Հոմերոսի համար։ Կանգնեցինք Աղավնոյի գույնզգույն պատերով դպրոցի մոտ։ Իջանք, իսկ ավտոբուսը շարժվեց հետ։ Մի քանի րոպե անց հասկացանք, որ Հոմերոսի քյաբաբները մոռացել ենք վերցնել։ 

«Ալոոո, ալոոո, կներեք, մենք ձեր մեքենայում շատ կարևոր բան ենք մոռացել, կարո՞ղ եք հետ քշել»։ Դե հո չէի ասելու՝ շան կերն ենք ուզում հետ բերես, վարորդ ջան։ Չէ, հետ գալ չի կարող, բայց կարող է կանգնել, սպասել, մինչև գնանք վերցնենք «կարևոր բանը»։ Դըռռ-դըռռ Անդրանիկի մոփեդը հայտնվում է այնտեղ, ուր պետք է՝ մեր դիմաց։

 «էդ ինչ կարևոր բան է, գնամ, բերեմ»։ 

Էլ ո՞նց Անդրանիկին բացատրեմ, թե կարևոր բան չի, շան կեր է եղածը, թե վարորդին էի ասում կարևոր բան է, որ հետ բերեր։ Մինչև բառերն եմ փնտրում, որ բացատրեմ, գյուղապետ Անդրանիկը նստում է մոփեդ, հայրենադարձ Ալիսոն-Փառանձեմը ցատկում է հետևը, ու միասին մազերը քամուն տված սլանում են Բերձոր Հոմերոսի քյաբաբները բերելու։ 

Ալիսոնին Հայաստանում Փառանձեմ անունն են տվել 4րդ դարի թագուհու պատվին։ Ամերիկահայ է, 44 օրյա պատերազմից հետո որոշել է, որ Հայաստանում պիտի ապրի։ Երբ աղմուկն ընկավ, որ Աղավնոն ու Բերձորը հանձնում են Ադրբեջանին, տեղափոխվեց Աղավնո։ Ասում է՝ գյուղը կենդանի կորիզ է, էստեղ կյանքի փիլիսոփայությունը տարբերվում է մնացած աշխարհից։ 

«Ինձ որ ասում են, բա ոնց ես գումար վաստակում, ոնց ես ապրում, պատասխանում եմ՝ իմ մասին մի անհանգստացեք, էստեղ ապրելու համար փողը էական չի»։

Ալիսոնը օգնում է գյուղապետին, գյուղի բնակիչներին, իրապես ներգրավված է համայնքային կյանքի մեջ, ինչպես շատերն այնտեղ, որ ուզում են հաղթել իրենց արմատախիլ անող ներսի և դրսի ուժերին։ Լրիվ Թումանյանի Ոսկե Քաղաքն է, չհաշված, որ մի քանի ծառ էն կողմ թշնամական ուժերն են։

« Գյուղը հանձնել են Ադրբեջանին, ստիպում են դուրս գաք էստեղից»,- ռուս սպաներն են ասել համայնքապետ Անդրանիկին։ 

«Մենք այստեղից ոչ մի տեղ չենք գնալու, քո գործը խաղաղապահությունը չի՞, խաղաղապահությունդ արա»։

«Բա որ հարձակվեն գյուղի վրա, ի՞նչ ես անելու»։

«Ասացի՝ զորքս անտառներում է, նշանի են սպասում», – պատմում է Անդրանիկն ու գլուխն առանց թեքելու, աչքի պոչով նայում իմ կողմն ու կես բերան ավելացնում․ «Գիտես չէ՞, ոչ ոք էլ չկա անտառներում, կարևորը ռիսկն է»։ 

«Լավ, մենք մեր կյանքի, պատմության ընթացքում, քանի անգամ դեռ պետք է տեղահանվենք, հերիք չի՞։ Կլինի՞ գոնե մի 500 տարի տուն չփոխենք»- արդեն ոչ թե ռուս սպային, այլ մեր խմբի առաջ բոլոր հայերի ճակատագիրն իրար կապող հարցն է բարձրացնում Անդրանիկը։

Կարևորը ռիսկն է, ասում է նաև մարտունեցի Վիտյան՝ փոխքաղաքապետ Վիտյա Հովհաննիսյանը։ Նոյեմբերի 9-ին քաղաքապետ Ազնավուր Սաղիյանի ու ևս երկու զինվորի հետ, ընդամենը չորս հոգով հետ են վերցրել Մարտունին շրջապատող բարձունքներից մեկը, առանց իմանալու ստորագրվելիք հայտարարության մասին։ Այդ բարձունքը կարևոր նշանակություն ունի քաղաքը անառիկ պահելու համար։ 

Տղաներից մեկը՝ մարտունեցի, զոհվել է։ Մյուսը մի թեթև վիրավորվել էր, փորձել են գտնել։ Էջմիածնեցի Կամո՞ էր, թե՞ Վարդան, չեն հիշում։ Բոլոր կամոներին ու վարդաններին փնտրել են հիվանդանոցներում, բայց չեն գտել։ 

Մարտունին Մոնթեի քաղաքն է, բայց հենց ուզում ես արձանը լուսանկարել, հետևի կաֆեի կոկա-կոլա զոնտիկներն են մեջ ընկնում։ 

«Ախր Մոնթեն սոցիալիստ էր, ի՞նչ կոկա-կոլա։ Ո՞նց անեմ առանց էդ զոնտիկների ֆոտո ստանամ»,- բողոքում եմ քաղաքապետին։ 

«Ա՜յ մարդ, Մոնթեն նայք ու ադիդաս էր բերում Մարտունի, հիմա մարդիկ ինչ զոնտիկ գտել, էդ էլ դրել են կաֆեում, ինչ ես բողոքում»- նրա զինակից Վիտյան է վրա բերում։ 

Ու հասկանում եմ, թե թշնամական դիրքերից մի թիզ հեռավորության վրա ապրող մարդկանց մոտ ինչքա՜ն անհեթեթ են օրթոդոքս ձախականության քթիմազությունները։

Էսօր Մարտունին կա, իսկ Բերձորն ու Աղավնոն հանձնեցին Ադրբեջանին մեր այցից մի ամիս անց։ Տեղանքն ու տները դեռ կան, բայց մեզ՝ հայերիս, ջնջել են այնտեղից, ու դեռ կշարունակեն ջնջել մեր հետքերը, ինչպես դա արել են Նախիջևանում, Արևմտյան Հայաստանում։ 

Ակնընդականի կազմակերպած վավերագրողների խմբի այցը Աղավնո, օգոստոս 2022թ

Ջնջել են մեզ, ինչպես եվրոպացիները ջնջել են Ամերիկայի բնիկներին, ու չնայած Կանադան պաշտոնապես ներողություն է խնդրել կատարվածի համար, հարյուրավոր ծրագրեր են մշակում իբրև շտկելու բնիկ ժողովուրդների պայմանները, բայց իմ ուսանողուհի Հոլլին դժվարությամբ է ընդունում այդ ներողությունը։ Հոլլին ինձ մոտ ֆրանսերենի դասընթաց է անցնում։ Նա ծագումով բնիկ կրի ազգից է, նրան որդեգրել է կանադացի ընտանիք, ու արդեն չափահաս տարիքում է Հոլլին գտել իր կենսաբանական մորն ու ընտանիքին։

Հոլլին ապրել ու կրթություն է ստացել կանադական հասարակության մեջ, կարևոր պաշտոն է զբաղեցնում խոշոր պետական կազմակերպությունում, կառավարում է բնիկների ու կանադացիների հաշտության ռազմավարությունների ծրագիրը։ Դասի ժամանակ նրբիկ ժպիտով, կարծես գաղտնիք փոխանցելով՝ ինձ ասում է․ «Գիտեք, շատ դժվար է հաշտության մասին խոսել ու դրա շուրջ աշխատել, երբ լսում եմ մորս ու մորեղբորս պատմությունները»։

 «Ի՞նչ պատմություններ են, Հոլլի»։ 

Հոլլիի ֆրանսերենը թույլ չի տալիս էդ պատմությունները պատմել, ու ինձ հասնում են պատառիկներ

«Կրիների լեզվով խոսո՞ւմ եք, Հոլլի»։ 

«Չէ, որտեղի՞ց։ Նույնիսկ կենսաբանական մայրս ու իմ ընտանիքը չեն խոսում, գուցե մի քիչ մորեղբայրս։ Գիտեք, ինտերնատում ծեծել են երեխաներին, որ չխոսեն մայրենի լեզվով»։ 

Կանադայում հատուկ դպրոցներ են բացել բնիկների համար։ Ծնողներից խլում էին երեխաներին, փակում այդ դպրոցներում ու սարքում կանադացի։ Թույլ չէին տալիս խոսել իրենց լեզվով, պարել իրենց պարերը, հագնել ազգային շորերը, փոխում էին նիստուկացը։ Սպիտակ ցեղասպանություն։

Ու չնայած Հոլլիի մայրն է բնիկների կրի ցեղից, իսկ հայրը՝ կանադացի կամ անգլիացի, Հոլլին երբեք իրեն չի ներկայացնում, որպես ազգերի խառնուրդ։ Նա իր ինքնությունը նկարագրում է ֆրանսերեն ձևակերպմամբ «première nation»՝ առաջին ազգ։ Եվ նրանց մասին խոսելիս անընդհատ հստակ ընդգծում է. «իմ ժողովուրդը»։ Տեսնես ազգայնակա՞ն է Հոլլին։ Հենց առաջին հանդիպմանը ասեց՝ գիտեք, ես երկու ընտանիք ունեմ, բախտավոր մարդ եմ։ Հետո հասկացա, որ բախտավոր բառը չակերտների մեջ էր ասել։ 

Գիտես Հոլլի, իմ պապիկը նույնիսկ այդ չակերտավոր բախտը չի ունեցել։ Գյումրու ամերիկյան որբանոցում է մեծացել, ու ոչ ոք ներողություն չի խնդրել դրա համար։ 

Հոլլին՝ սպիտակների աշխարհում մեծացած ու իրենց կրթությունն ու ընտանիքը վայելած, էդ աշխարհում բարձր պաշտոնի հասած կին, դժվարանում է սեղմել իրենից ներողություն խնդրողի ձեռքը, բա մեզ էդ ի՞նչ աշխարհում են մեծացրել, որ ցեղասպան երկիրը, ոչ միայն ներողություն չի խնդրում, այլև շարունակում է իր ցեղասպանական քաղաքականությունը, իսկ մենք հաշտություն ենք փնտրում։

Իսկապես, ի՞նչ աշխարհում ենք մեծացել։ Մեր աչքի առաջ ցրիվ տվեցին Աղավնոյի երեխեքի շուրջպարի էնքան սինխրոն ու խրոխտ հոհոո՛ն, որի ուժն ու ոգին հենց էդ հավաքական արտաբերումն էր պարի քայլերի, երաժշտության ճիշտ տակտի ու խմբի էներգետիկայի համատեղումով։ Էդ երեխեքը հիմա առանձին-առանձին, ամեն մեկը մի գյուղում, մի քաղաքում, ինչքան էլ հոհո՛ կանչեն, էլ նույնը չի լինելու։

Մեր աչքի առաջ են շրջափակել ու սովի մատնում արցախցիներին արդեն գրեթե երեք ամիս է։ Էդ ի՞նչ աշխարհում ենք մեծացել, էդ ի՞նչ սպիտակ ցեղասպանության դպրոցով են մեզ անցկացրել, որ չենք ընդվզում սրա դեմ, չենք ընդվզում մեր դահճի հետ հաշտեցման դեմ։

Մարտունի․ Մոնթեն ու կոկա կոլայի զոնտիկները
լուսանկարը Հովհաննես Իշխանյանի

Հոլլին չգիտի էս հարցերի պատասխանները, բայց պատմում է, որ իր ընկերուհի Միշել Օդետը՝ բնիկների ինուիտների ցեղից, բնիկ կանանց շահերի պաշտպան, նպատակ է դրել դառնալ սենատոր, ու դարձել է։ Աշխատանքի անցնելու առաջին օրը Սենատի շենքում փնտրել է Մակդոնալդի ֆոտո կամ արձան, որ կանգնի դիմացն ու ասի «Չնայած դու ամեն ինչ արեցիր, որ մենք դադարենք գոյություն ունենալ, բայց եկել եմ ասեմ՝ նայիր, չնայած ընդամենը ֆոտո ես, նայիր ու տես, որ չես հաջողել»։ 

Դժվար է ասել, թե Մակդոնալդը չի հաջողել, ի վերջո ինչքան էլ մի քանի խիզախ միշելներ ու հոլլիներ կռիվ տան Մակդոնալդի նկարի հետ, միևնույնն է, նրանք աշխատում են իրենց ցեղասպանող երկրի գծած շրջանակների մեջ, որի էսօրվա սահմանները ընդլայնվում են մինչև «ներողություն» ու «եկեք հաշտվենք»։ Բայց էն, ինչ նրանք ջնջել են, արդեն չի վերականգվի։ 

Մի հաղորդման մեջ տեսնում եմ՝ կանադական կառավարությունը մի քանի միլիարդ է հատկացրել բնիկ համայնքներին որպես փոխհատուցում ինտերնատում մեծացած երեխեքին լեզվի ու մշակույթի կորստի համար։ Եվ ապա Միշել Օդետն է խոսում ռեպորտաժում․ «Համակարգը կարող է փոխվել, բարելավվել, բայց մենք կորցրել ենք մեր լեզուն, հողի հետ մեր կապը, արմատախիլ եղել մեր մշակույթից, դա դժվար թե ուղղվի»։ 

Գուցե հենց էդ պատճառով է, որ քեզնից, Հոլլի, արդեն ներողություն են խնդրում, չէ՞ որ ինչ էլ լինի, ձեր հայրենիքների եվրոպական գաղութացումն արդեն անշրջելի է, դուք ինչքան էլ սենատորներ ու կարևոր մենեջերներ դառնաք, քաղաքականապես այլևս ոչ մի եղանակ չեք փոխելու հյուսիս-ամերիկյան այս անծայրածիր կայսրությունում։ Չէ, Հոլլի, դու ազգայնական չես, ազգայնական չես մի պարզ պատճառով. Հյուսիսային Ամերիկայի բնիկների հարցն այլևս ազգային քաղաքական հարց չի, այլ մշակութային, որին ընդամենը կանադական ֆեդերատիվ դեմոկրատիայի սկզբունքները թույլ են տալիս կենդանության նշաններ դրսևորել, իսկ օրինակ ԱՄՆ-ում դա բացակայում է։ 

Մեր տարածաշրջանում ապրող բնիկներիս պարագան ուրիշ է։ Հայերի, հույների, քրդերի, ալևիների, եզդիների գաղութացումն ավելի վաղ է սկսվել, բայց դեռ ավարտին չի հասել, ուրեմն մեզնից դեռ ոչ ոք ներողություն չի խնդրի, ու ինչքան էլ կարոփայլանները եթերներից մեզ հաշտության կոչեր անեն, մեր գաղութարարները հետևողականորեն կշարունակեն փորձել ջնջել մեզ, ինչպես ջնջեցին Հադրութից, Շուշիից, Բերձորից ու Աղավնոյից, ու երկու ամսից ավելի շրջափակման մեջ պահելով՝ վերջնականապես ջնջել ամբողջ Արցախից։ Կջնջեն այնքան, մինչև վերջ դնեն մեր քաղաքական գոյությանը։ Լավագույն դեպքում կհասնենք Ամերիկայի բնիկների էսօրվա կարգավիճակին․ ռեզերվներում ապրող ինչ-որ ենթամշակույթ, որին ժամանակ առ ժամանակ ֆոնդեր կհատկացնեն ասենք ազգային տարազի ցուցահանդես կամ հայկական երգերի փառատոն կազմակերպելու։ Բայց դա միայն լավագույն դեպքում։

Մարտունիից վերջերս լուսանկար էին հրապարակել։ Ութսուն օր շրջափակման մեջ գտնվող Մարտունիում դրամահավաք են կազմակերպել աջակցելու Սիրիայի երկրաշարժից տուժածներին։ Սիրո՜ւն, արևո՜տ, ու շրջափակված Մարտունի։ Երբ ճանապարհներդ բացվեն դեպի աշխարհ, դու դրամ չէ, քո ներսում ձևավորած, միայն քեզ հատուկ հասարակական հարաբերությունները արտահանի դեպի դուրս։

Մենակ Մարտունիում չէ, Արցախում կարծես ամեն տեղ, ոչ տեսականորեն, այլ բնազդաբար մարդիկ հասկացել են, որ առանց համերաշխության ու արդարության սկզբունքների վրա ձևավորված համայնքի, ի վիճակի չեն լինի դիմագրավելու անընդհատ սպառնացող թշնամուն։

«90 ականներին արդարություն կար, հացն ու մահը հավասար էին բաժանվում, նաև դրա շնորհիվ մենք հաղթեցինք»,- ասում է Արցախի Արդարություն կուսակցության անդամ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանը։ 

Ճիշտ է, 90-ականներին, անցյալի իներցիայով, բայց աստիճանաբար շուկայական հարաբերությունները ամրապնդվեցին Հայաստանում։ Սկզբում տնտեսության մեջ, այնուհետև տարածվելով կյանքի մյուս ոլորտների վրա։ Առողջությունը դարձավ ապրանք, որ ով փող ուներ կառներ, ով չէ՝ թող ձգտեր ունենալ, որ չմեռնի։ Հետո նույն ձևով կրթությունը։ Ի վերջո պետությունը վերածվեց մի մեծ ձեռնարկության՝ անձնական շահի ու էգոիզմի մոլուցքով գործող։ Այսպես շարունակաբար բաժան-բաժան եղան մեզ իրար կապող հյուսվածքները, ու ինչպես կապիտալիստական տրամաբանությունն է թելադրում, համակարգի ամենաճարպիկները 2018-ին կարողացան հարիֆցնել քաղաքականությունից լրիվ ձեռ քաշած, պետությունից, համայնքից լրիվ հույսը կտրած, մեկուսացած ու սեփական դարդերի բեռի տակ ճնշված մարդկանց ու գրավել ձեռնարկության հարյուր տոկոսանոց ակցիաները։ 

Գուցե շուկայական տրամաբանությունը էդքան խորը չթափանցե՞ց Արցախ, գուցե՞ դեռևս պահպանված համերաշխության և հողի ու մարդկանց միջև եղած ներդաշնակության շնորհիվ է, որ նրանք այնտեղ դեռ դիմադրում են, իսկ Հայաստանում մենք արդեն հանձնվել ենք։

Արցախի համար պայքարը հիմք է ու նվեր գոյաբանական պայքարից հայկական ինքնության ինքնատիպ փիլիսոփայության ստեղծման համար։ Էդ ստեղծարարությունը մեզ վեր կհանի զուտ էթնիկ կամ տարածքային ազգայնականության արևմտակենտրոն տեսությունների դիլեմայից, էդ ստեղծարարությունը նաև մեզ դուրս կբերի արևմտակենտրոն «շուկայական հարաբերություններ, թե կոմունիզմ» կեղծ դիլեմայից։ Իրական կյանքը էս դիլեմաներից դուրս է կառուցվում, իրական կյանքում էսօր արցախցիներն են կերտում էդ տեսությունը, էդ Մարտունիի քաղաքապետն է, երբ պատմում էր, թե ինչ ակտիվ ֆուտբոլային մրցումներ են լինում իրենց սիրուն սարքած հսկա մարզադաշտում, ու երբ հարցրեցի՝ բա տոմս-բան լավ վաճառվո՞ւմ է, զարմացած դեմքիս է նայում՝ ի՞նչ տոմս, ի՞նչ վաճառք։ Հետո էլ ծիծաղելով՝ թե Մարտունիում մենք տենց բաներ չենք գիդում։ 

Մարտունու մարզադաշտն ու բլուրները
լուսանկարը հեղինակի

Իսկ ղեկավարս գրածս էջերի վրա գիծ է քաշել, ասում է՝ ավելի կարճ, մի քանի նախադասությամբ նկարագրեմ, թե ինչ դեր ունի արցախյան հարցը ու առհասարակ ազգային հարցը Հայաստանում, ի տարբերություն մյուս հետխորհդրային երկրների։ էս վերջին պարբերությամբ կբացատրեմ, մարքսիստ է, դուրը կգա։ 

Պրոֆեսոր Դավիդ Մանդելի համար փորձեմ կարճ։ Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման ու ձևավորման հիմքում Արցախյան հարցն է եղել, արցախահայության ձգտումը ազատագրվելու Սովետական Ադրբեջանի կողմից իրականացվող սոցիալական, էթնիկ խտրականության քաղաքականությունից, և Հայաստանի ժողովրդական աջակցությունն ու համերաշխությունը այդ ձգտման հետ։ Ավելին, հետագա տարիներին ձգվող Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները տարաձայնություն առաջ բերեցին հայաստանյան կուսակցությունների մոտ՝ դրանով վերջիններիս մղելով քաղաքական դիսկուրս ձևավորելու։ Կարելի է ասել, որ Արցախը միակ հարցն է եղել, որ քաղաքականացրել է մեր կուսակցությունները։ Նրանց մի հատված գտնում էր, որ պետք է հարգել միջազգային հանրության կողմից ընդունված տարածքային ամբողջականության թեզը և Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Մյուս հատվածը, ազգերի ինքնորոշման սկզբունքից ելնելով, պնդում էր, որ Արցախում ապրող հայերը իրավունք ունեն անկախ հանրապետություն ունենալու։ Արցախյան հարցից դուրս բոլորը նույն երգն են երգել. գովերգել կապիտալիզմի՝ նորազատական հաղթարշավը Հայաստանում։ Մեկը մի քիչ բարձր նոտայից, մյուսը՝ մի օկտավա ցածր, թե դուք կապիտալիզմը ճիշտ չեք հասկացել, թողեք մենք կանենք, բայց բոլորը՝ նույնիսկ սոցիալ-դեմոկրատները, լրջորեն քաղաքական օրակարգ չեն ձևավորել սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ։ 

Քաղաքական օրակարգը միայն արցախյան հարցի շուրջ է եղել։ Արցախը Ադրբեջանի կազմում թողնող նորազատականները ներդաշնակ էին իրենց գաղափարախոսության հետ․ պետական ռեսուրսների մասնավորեցում, ազատ շուկա, էգոիզմ, սպառողականություն․․․ Նրանք ասում էին՝ մեզ պետք չէ Արցախ, պետք չէ էդ գլխացավանքը, մենք կապավինենք ամենազոր շուկայի անտեսանելի ձեռքին, կանենք առևտուր հարևանների հետ և կհարստանանք, ով ոնց կարողանա։

Իսկ Արցախի ինքնորոշման համար պայքարող նորազատականները գաղափարական փակուղու մեջ հայտնվեցին։ Մի կողմից նորազատական սկզբունքները՝ պետության դերի նվազում, ազատ շուկայական հարաբերություններ ջունգլիների օրենքներով, բայց մյուս կողմից՝ եթե Արցախ ես ուզում, պետություն է պետք, որ բանակ պահի, մարտիկներ են պետք՝ անձնուրաց նվիրումով։ Բայց երկար չես կարող պետության, հայրենիքի հանդեպ անձնուրացություն ներշնչել այն մարդու մոտ, որին քո որդեգրած տնտեսական քաղաքականությունն էգոիզմ է քարոզել 30 տարի, այն մարդու մոտ, որն իր երեխայի բուժման ծախսերը չի կարող հոգալ, քանի որ պետությունն առողջապահությունը վերածել է բիզնեսի։ Ուրեմն, գաղափարական այս հակասությունը երկար չի կարողանում դիմակայել, ու նորազատականների առաջին բանակը, քսան տարի թափ հավաքելով, 2018-ին բուլդոզերի նման քանդելով ամեն ինչ՝ գրավում է իշխանությունը։ 

Հետաքրքիր է, որ հասարակական ավելի արդար հարաբերությունների մասին է խոսում բիզնեսմեն, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, իսկ քաղաքական դաշտը դեռ լուռ է։ Մի վերջին հարցազրույցում, Ռուբեն Վարդանյանը խնդրահարույց է համարում ռեսուրսների բաշխման հարցում Արցախի բնակչության մոտ անարդարության զգացումը, խոսում ինքնաբավ տնտեսություն ու ներքին արդյունաբերություն ստեղծելու, թափանցիկ կառավարման և ֆինանսական հոսքերի վերահսկման անհրաժեշտության մասին։ 

Բայց ամենահետաքրքիրը՝ Վարդանյանը Մաուգլի մուլտֆիլմի էն էպիզոդն է օրինակ բերում, երբ վայրի շները հարձակվում են ջունգլիների վրա, ու ընդհանուր վտանգին դիմագրավելու համար բոլոր կենդանիները, որ մի ժամանակ իրար էին ուտում, ազդարարում են «водяное перемирие»՝ ջրային համերաշխություն, ջրից օգտվելու հավասար իրավունք։ Մոտավորապես այսպես է ստացվում. եկեք կողք կողքի ջուր խմենք վագրերով ու ուլիկներով, հովազներով ու նապաստակներով, թույլիկներին թողնենք հավասար օգտվեն անտառի բարիքներից, քանի դեռ վայրի շների հարցը կա։ Ջունգլիների օրենքներով կռիվ տված ու բիզնեսի աշխարհում հաջողության հասած մարդու համար մեծ քայլ է մտքով անցկացնել վերջ դնել հասարակական հարաբերությունները քանդող այդ օրենքներին։ Չնայած, բիզնեսմենի իր պրիզման թույլ է տալիս դա երևակայել միայն որպես ժամանակավոր՝ Սարդարապատի ճակատամարտը հաղթելու մի միջոց։ 

Բայց նա սխալվում է, սա մեկ ճակատամարտ չէ, այլ երկարատև ու բազմաշերտ պատերազմ, որտեղ ազգային ու էթնիկ գոյությունը պաշտպանելու ճանապարհը տանում է մինչև ջունգլիների օրենքների դեմ դիմադրության, որ մարդն անտառից դուրս գալուց հետո նորից հետ չվերադառնա այնտեղ։

Աղավնոյի Թամարի նախավարդավառյան տոնական հարիսան պատրաստ է։ Աչքս ընկնում է՝ Ազգային Ժողովի պատգամավոր Քրիստինե Վարդանյանն է հարիսան լցնում ափսեների մեջ ու հրամցնում խարույկի շուրջ նստած հյուրերին ու Աղավնոյի բնակիչներին։ Պատգամավորի այս պարզ ներկայությունն ու մասնակցությունը համայնքային հավաքին կարող էր ամենաբնական երևույթը լիներ մեկ այլ աշխարհում, բայց ոչ մեր աշխարհում։ 

Աղավնոյի դպրոցը, օգոստոս 2022
Լուսանկարը հեղինակի

Հայաստանի բոլոր ժամանակների քաղաքական էլիտաները օլիմպական բարձունքներում են եղել՝ կտրված ժողովրդից, իրենց քվե տված համայնքներից։ Հարմարավետ տեղավորված իրենց պղպջակի մեջ՝  նրանց տեսնում էինք Միջազգային Արժութային Հիմնադրամի, Համաշխարհային բանկի պատվերները կատարելիս, Դավոսի ֆորումներին մասնակցելիս, խելոք աշակերտի պես աշխարհի ուժեղների սեմինարները լսելիս, Մալաթիայի տոնավաճառի կանանց մասին արհամարհական գրառումներ կատարելիս, բայց ոչ երբեք Աղավնոյում Քրիստինեի պես՝ հարիսա հյուրասիրելիս։ 

Դաշնակցական Քրիստինեն ամառային էդ երեկոյան խարույկի շուրջ, իր հարիսայով միահյուսում էր ազգային ու սոցիալական համերաշխության եզրերը։ 

Առանց այս միավորման, առանց սոցիալական արդարության կուռ հյուսվածքներով հավաքականության մենք և մեր ճակատագիրը կիսող այլ ժողովուրդներ չենք կարողանա դիմագրավել այս երկսայր սպառնալիքին։ Սպառնալիքը մի կողմից գոյաբանական է՝ պայմանավորված մեր էթնիկ ծագմամբ և ազգային ինքնությամբ՝ թուրք-ադրբեջանական զույգի կողմից, և իսկ մյուս կողմից գաղափարական, եթե կուլ գնանք անդեմ սպառողականությանն ու շուկային։ Սպառող հասարակությունը սպառելուց բացի ուրիշ ոչնչի ընդունակ չէ, այն դադարում է մտածել, դադարում է զգալ անգամ իր գլխին կախված աղետը, դադարում է ստեղծել առհասարակ։ Որպես հավաքականություն այն դադարում է գոյություն ունենալ և այլևս անզոր է ստեղծել քաղաքականություն, որն իր փոխարեն անում են ուրիշները՝ կամաց-կամաց ու հետևողականորեն քանդելով դիմադրության վերջին օղակները։ Երկսայր այս գաղութացումը մեր դեպքում դեռ անշրջելի չի դարձել, ինչպես Ամերիկայի բնիկների պարագայում։ Անշրջելի չէ, քանի Արցախը դիմադրում է։ Այս դիմադրությունն է թույլ տալիս երազել, որ водяное перемирие-ն կդառնա Արցախի պայքարի հարատև սկզբունքը՝ իրենով վարակելով նաև Հայաստանը։