Ի պաշտպանություն Մալաթիայի տոնավաճառի փակումից տուժածներին

«Ճառագայթ» ընկերվարական խմբավորումն իր զորակցությունն է հայտնում Մալաթիայի տոնավաճառի աշխատողներին։

Տոնավաճառի աշխատանքի դադարեցումն առանց որևէ փոխհատուցման ոչ այլ ինչ է, քան հերթական հարված աշխատավոր խավի տնտեսական առանց այն էլ խիստ սահմանափակ միջոցներին։ Բացի դրանից, այդ տոնավաճառից են օգտվում բնակչության աղքատ խավերը, ուրեմն սա նաև հարված է ավելի լայն զանգվածների շահերին։ Պետությունն իբր պատասխանատու դիրքերից ելնելով է տոնավաճառը փակում, բայց այդ որոշման արդյունքում աշխատողներին չփոխհատուցելն անպատասխանատվություն է։

Անկախությունից ի վեր Հայաստանի և Արցախի ժողովուրդների իրավունքներն անընդհատ ոտնահարվել են իշխող դասակարգի կողմից, որն իր հերթին նորանոր խնդիրներ է ստեղծել։ Մենք համարում ենք, որ 2018-ի հեղափոխությունը հաջողեց իշխանության բերել Նիկոլ Փաշինյանին՝ օգտագործելով սոցիալական անարդարություններից ու բևեռացումից առաջացած դժգոհությունը։ Բեմադրելով «ժողովրդի միջից դուրս եկածի» սցենարը՝ «հեղափոխականները» պատրանք ստեղծեցին, թե իշխանության է գալիս հասարակ ժողովրդի ներկայացուցիչը։ Այդ պատրանքը շարունակվում է արդեն գրեթե հինգ տարի, իսկ այդ ընթացքում ընդդիմությունն այդպես էլ չի կարողանում ապրումակցել ժողովրդական լայն զանգվածներին ու անդրադառնալ նրանց սոցիալական խնդիրներին։ Փաստն այն է, որ ո՜չ ընդդիմությունն է այսօր տոնավաճառի աշխատողների կողքին, ո՜չ էլ աշխատողներն են ընդդիմությունից որևէ բան պահանջում։ Ներկայիս ընդդիմությունն անցած 30 տարիների ընթացքում փորել է ժողովրդական լայն զանգվածներից իրենց բաժանող անդունդը, ստեղծել գաղափարազուրկ անհատ-կուսակցություններ՝ առանց ժողովրդական արմատի ու հենքի, որակազրկել քաղաքական գործընթացները՝ այդպիսով հիասթափեցնելով, ապաքաղաքականացնելով և ատոմիզացնելով հայ հասարակությանը։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, լինելով ծայրահեղ նորազատական, հայ ժողովրդին ոչ միայն արտաքին թշնամուց է անպաշտպան թողել, այլև անխնա շահագործում է աշխատավոր խավին։ Ուրեմն ընդդիմության խնդիրը, բացի ազգային սպառնալիքները բարձրաձայնելուց, պետք է լինի նաև անպաշտպան խավերի աջակցությունը՝ կոնկրետ հակազդեցություններ կազմակերպելով, իսկ ավելի երկարաժամկետ հեռանկարում նրանք պետք է դառնան ժողովրդի ձայնը ու արմատ ստանան նրանից։

Մենք համարում ենք, որ Հայաստանում և Արցախում մարդիկ պետք է արժանապատիվ ապրեն ու պաշտպանված լինեն ոչ միայն արտաքին թշնամուց, այլև խոշոր դրամատերերի և նրանց ծառայող իշխանությունների կամայականություններից։ Անշուշտ, տոնավաճառի փակումը միայն չնչին արտահայությունն է Հայաստանի իշխանությունների՝ հասարակության լայն շերտերի բարօրության ու արժանապատիվ կյանքի հանդեպ ունեցած անտարբերության։ Մենք դրա ականատեսն ենք Արցախյան պատերազմից ի վեր ու հատկապես Արցախի մեր հայրենակիցների արդեն 50 օրից ավել տևող շրջափակման ընթացքում, ուր Հայաստանի իշխանությունները լիակատար անգործություն են ցուցաբերում, թե՛ քաղաքական, և թե մարդասիրական դաշտում լուծումներ գտնելու համար։

Սոցիալական արդարությունը ազգային խմբավորման և համերաշխության կարևոր պայման է, որ կօգնի հայ ժողովրդին արտաքին թշնամու դեմ միասնաբար կանգնելուն և դիմադրելու նոր մեխանիզմներ ստեղծելու:

Այսպիսով, ընդդիմությանը կոչ ենք անում կանգնել տոնավաճառի աշխատողների կողքին, լսել նրանց խնդիրները և լուծումներ փնտրել։ Առանց սոցիալական խնդիրների անդրադառնալու հնարավոր չի լինի իշխանափոխության հասնել և ազգային խնդիրներ լուծել։